Աչքի կառուցվածքը

Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից: Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները: Հոնքերը, կոպերը և թարթիչները (արտևանունքները) աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից: Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը:Ակնագնդի պատը բաղկացած է 3 թաղանթներից սպիտակուցաթաղանթ, անոթաթաղանթ (ակնաթաղանթ) և ցանցաթաղանթ:Ակնագունդը դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթը: Ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ մեծ անցք՝ բիբը, որը կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորել թափանցող լույսի ճառագայթների քանակը: Բբի հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որը երկուռուցիկ ոսպնյակ է: Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը, որի մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը: Ակնաբյուրեղը, փոխելով կորությունը, տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում է ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով առարկաների հստակ պատկերի ձևավորումը: